ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասին

Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը աջակցում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգնմանը հետազոտությունների, կրթության և համայնքների ներգրավման միջոցով։ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեության ոլորտները ներառում են․

  • Բնապահպանական քաղաքականություն
  • Կայուն բնական ռեսուրսների կառավարում
  • Արհեստական միջավայր և բնական միջավայր
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու բնական միջավայրը

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, որը նախկինում հայտնի էր որպես Շրջակա միջավայրի պահպանության և հետազոտությունների կենտրոն (ՇՄՊՀԿ), հիմնադրվել է Սարգիս Յակոբեանի կողմից 1992թ-ին որպես հետազոտություններ և ակադեմիական ծրագրեր վերահսկող կենտրոն։ Ի սկզբանե կենտրոնի նպատակն է եղել պաշտպանել Հայաստանի կենսաբազմազանությունը և բնական ռեսուրսները հետազոտությունների, կրթության և հանրային ներգրավվածության միջոցով։

2008թ-ի աշնանը ՇՄՊՀԿ-ն վերանվանվեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (ՀԱՀ ՅԲԿ) ի պատիվ կենտրոնի հովանավոր բարերար հանգուցյալ Սարգիս Յակոբեանի։

top

 Աշխատակազմի մասին

 Alen ԱԼԵՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Տնօրեն
alen(at)aua.am
Ալեն Ամիրխանյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենն է 2013թ-ից։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրիատի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։
Խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։

 

 karen ԿԱՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Հետազոտող, ասիստենտ դասախոս
karen(at)aua.am
Կարեն Աղաբաբյանը ՀԱՀ Յակոբեան կենտրոնի բնապահպանական լաբորատորիայի ղեկավարն է։ Դասավանդում է բնապահպանական գիտություններ, բնական ռեսուրսների կայուն կառավարում և վայրի բնության կենսաբանություն։ Բնության պահպանության համար Ուիթլի /Whitley/ մրցանակի մրցանակակիր է (2007թ)։ Ներկայումս Հայաստանի ազգային համակարգողն է European Breeding Bird Atlas 2-ի համար։ Բնության պահպանության և վայրի բնության մշտադիտարկման հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցել ՄԱԶԾ-ին, USAID-ին, GIZ-ին, Բնության համաշխարհային հիմնադրամին և ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Կարենը ունի գիտությունների թեկնածուի աստիճան ՀՀ ԳԱԱ կենդաբանության ինստիտուտից։

 

Astghine ԱՍՏՂԻՆԵ ՊԱՍՈՅԱՆ
Դասախոս
apasoyan(at)aua.am
Աստղինե Պասոյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին է միացել 2015թ-ի սեպտեմբերին։ Դասավանդում և համատեղ դասավանդում է մարդկանց և շրջակա միջավայրի փոխհարաբերության, բիզնեսի և բնապահպանական կայունության, ջրի, կանաչ շենքերի ճարտարագիտության, էներգիայի արտադրման և կիրառման համար որոշումների կայացման գործիքների վերաբերյալ։ Վերջին քսան տարինեին Աստղինե Պասոյանը հանդիսանում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ղեկավարը։ Արդյունավետ էներգիայի քաղաքականության, ֆինանսավորման, պլանավորման, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում և ԱՊՀ-ում հաղորդակցությունների և կարողությունների զարգացման  շուրջ խորհրդատվական ծառայություններ է տրամադրել USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական հանձնաժողովին, ՎԶԵԲ-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և այլ դոնորներին ու միջազգային ֆինանսական հաստատություններին։ ԱՄՆ Ռոուդ Այլենդի Բռաուն համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։

 

Picture ՆԱԹԵԼԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ
Հետազոտող, ասիստենտ դասախոս
nmirzoyan(at)aua.am
Նաթելլա Միրզոյանը 2010թ-ին դոկտորի կոչում է ստացել Իսրաելի Բեն Գուրիոն համալսարանից։ Ավելի ուշ հետդոկտորական հետազոտություններ է անցկացրել ԱՄՆ Մերիլենդի համալսարանում և Վայզման /Weizmann/ գիտությունների ինստիտուտում։ Դոկտոր Միրզոյանը մասնագիտացված է ինտենսիվ գյուղատնտեսական աշխատանքներից ստացվող կեղտաջրերի և կոշտ թափոնների վերամշկման, ինչպես նաև բնապահպանական քիմիայի և անաէրոբ ջրային միջավայրերի միկրոկենսաբանության ոլորտներում։

 

ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր
tvardanyan(at)aua.am
+374 60612520
Տաթևիկ Վարդանյանը, սկսած 2014թ-ից, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում աշխատել է որպես գործառնությունների և հաղորդակցությունների համակարգող։ Նա զբաղվում է ամենօրյա վարչական և իրավական հարցերի կառավարմամբ, ինչպես նաև պահպանում է կապը գործընկեր կազմակերպությունների և ՀԱՀ հաղորդակցությունների գրասենյակի հետ։ Նախքան ՀԱՀ ՅԲԿ-ին միանալը աշխատել է ՀԱՀ հաղորդակցությունների գրասենյակում։ Տաթևիկ Վարդանյանն ունի իրավաբանության բակալավրի աստիճան Երևանի պետական լեզվաբանական համալսարանից և իրավաբանության մագիստրոստի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից։

 

DSC_0235 ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՏՀ մասնագետ
a.harutyunyan(at)aua.am
+374 60612693
Աղավնի Հարությունյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՀ պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) գծով մասնագետն է 2015թ-ից։ Աղավնին ԱՏՀ միջոցով ստեղծում է քարտեզներ և տրամադրում տվյալների վերլուծություններ։ Նախքան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին և պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին միանալը Աղավնին աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում։ Աղավնին ունին աշխարհագրության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից։

 

Norayr Ben Ohanian
ՆՈՐԱՅՐ ԲԵՆՕՀԱՆՅԱՆ
Դասախոսի օգնական, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրրերի համակարգող
norayr_ohanian(at)edu.aua.am
Նորայր Բենօհանյանը բնապահպանական գիտությունների կուրսերի դասախոսի օգնական է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում։ Ունի մագիստրոսի աստիճան Կահիրեի գերմանական համալսարանից նյութերի գիտություն և ճարտարագիտություն ոլորտում։ Բոլորովին վերջերս նաև ավարտել է ՀԱՀ արդյունաբերական ճարտարագիտության և կառավարման համակարգերի մագիստրատուրան։

top

 

 Սարգիս Հակոբյանի մասին

sarkisacopianՍարգիս Հակոբյանը ծնվել է 1926թ-ի դեկտեմբերի 8-ին Իրանի Թավրիզ քաղաքում Ռուսաստանից և Թուրքիայից դեպի իրան գաղթած ծնողների ընտանիքում։ Սարգիսը մեծացել է Իրանում, իսկ 1945թ-ին գաղթել է Միացյալ նահանգներ, որտեղ ուսանել է Փենսիլվանիայի Լաֆայետ Քոլեջում։ Լաֆայետում սովորելու ընթացքում Սարգիսը զորակոչվել է ամերիկյան բանակ։ Տեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղակայված Լաքլենդ ավիաբազայում ծառայության ժամանակ Սարգիսը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Բոբբիին։ Պատվով զորացրվելուց և Լաֆայետ վերադառնալուց հետո 1951թ-ին նա ավարտել է Լաֆայետը՝ ստանալով բակալավրի կոչում մեխանիկական ճարտարագիտության ոլորտում։ Ավարտելուց հետո Սարգիսն աշխատանքի է ընդունվում Weller Electric Corp-ում, որտեղ նա նախագծում է էլեկտրական հղկող մեքենա և զոդող սարք, որոնք դառնում են ընկերության ամենահայտնի արտադրանքը։

Սարգիսը մանկուց երազում էր ունենալ սեփական բիզնեսը։ Սկզբի համար ընդամենը փոքրիկ վարկ ունենալով՝ նա սկսեց նախագծել և արտադրել առաջին արևային էներգիայով աշխատող ռադիոն։ Այս հայտնագործությունը Սարգսի համար դարձավ հոսանքի մատակարարման բիզնես մուտք գործելու պատճառ։ Acopian Technical Company-ն գործում է մինչ օրս։

Սարգիս Հակոբյանն ավելին էր քան արտակարգ ձեռներց լինելը։ Նա սիրում էր արկածներ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա նվիրված օդաչու էր, ով ղեկավարում էր իր օդանավի թռիչքներն Փենսիլվանիայում և Ֆլորիդայում գտնվող իր ընկերության արտադրամասերի միջև։ Նա նաև սկուբա դայիվինգի և սկայդայվինգի սիրահար էր, ով ավելի քան 200 թռիչքներ է կատարել 1960-ականներին՝ այդ սպորտաձևի սկզբնավորման ժամանակ։ Սակայն նա ամենաշատը հայտնի դարձավ իր բարերարությամբ։

Սարգիսը հավատում էր համայնքին լուռ, սակայն առատորեն օգնություն ցուցաբերելու գործին։ Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել տեղական, ազգային և միջազգային գործերի համար, որոնց թվում են եղել Յակոբեան ճարտարագիտության կենտրոնը Լաֆայետ Քոլեջում, Օրնիտոլոգիայի Յակոբեան կենտրոնը Մուլենբերգ Քոլեջում, Hawk Mountain արգելավայրում պահպանության ուսումնառության Յակոբեան կենտրոնը, Յակոբեան, Յակոբեան կրիաների արգելոցը, Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ինչպես նաև տարբեր ծրագրեր Հայաստանի ամերիկյան համալսարանում, Լաֆայետ Քոլեջում և Ֆլորիդայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Պարոն Հակոբյանը նաև նվիրատվություններ է կատարել Հս Կարոլինայի Շառլոտ քաղքի Սբ Սարգիս հայկական եկեղեցուն, որը կառուցվել էր իր մոր՝ դոկտոր Արաքս Հակոբյանի պատվին, Գյումրիի Սբ․ Հակոբ եկեղեցուն և Երևանի Սբ․ Մեսրոպ եկեղեցուն։

Իր կյանքի վերջին տարիներին նա աշխարհի բոլոր ծայրերից հավաքեց թռչնաբանների մի թիմ, որի նպատակն էր հրատարակել դաշտային ուղեցույց Հայաստանի թռչունների մասին՝ հույս ունենալով նորանկախ նախկին խորհրդային հանրապետությանը բացատրել շրջակա միջավայրի պահպանության գաղափարը։ Հայաստանի թռչունների դաշտային ուղեցույցը հրատարակվեց 1997թ-ին։ «Հայաստանի թռչունները» ծրագրի արդյունքում նաև հնարավոր եղավ հրատարակել նորանկախ Հայաստանի առաջին ճշգրիտ քարտեզը։

Հակոբյանը պարգևատրվել է Էլիզ կղզու պատվո շքանշանով, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մեդալով և ստացել է պատվավոր դոկտորի կոչում Մուլենբերգ Քոլեջից։

Որպես ներգաղթյալ պարոն Հակոբյանը մշտապես երախտապարտ էր իրեն ընձեռված հնարավորությունների համար։ Նա իր երախտագիտությունն իրեն որդեգրած երկրի նկատմամբ ցույց է տվել Վաշինգտոնի երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանին ամենամեծ անհատական նվիրատվությունն անելով։ Այս մեծահոգի քայլը հանրությանը հայտնի չէր նախքան Սարգիսի վախճանը 2007թ-ին։ Փենսիլվանիայից կոնգրեսմեն Չարլզ Դենթը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին ուղղված իր ելույթում խոսել է այս մասին՝ նշելով, որ իր նվիրատվության դիմաց Սարգիսն ընդամենը նստելու տեղ էր խնդրել բացման արարողության ժամանակ, սակայն նույնիսկ դրանից հրաժարվեց, որպեսզի մեկ այլ վետերան կարողանար մասնակցել։

Թեև նա արդեն մեզ հետ չէ, Սարգիս Հակոբյանի տեսլականը Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ ներկայումս շարունակվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից։

top

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) անկախ, մասնավոր, շահույթ չհետապնդող բարձրագույն կրթական հաստատություն է Հայաստանում, որն իր գործունեությունը սկսել է սեպտեմբերի 21-ին՝ այն օրը, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից։

ՀԱՀ-ը առաջարկում է ուսուցման, հետազոտության և ծառայությունների ծրագրեր, որոնք ուսանողներին և դասախոսական կազմին ու հետազոտողներին սովորեցնում են արձագանքել Հայաստանի և հարակից տարածաշրջանի կարիքներին հանուն կայուն զարգացման, այնպիսի միջավայրում, որտեղ արժեվորվում և խթանվում է ակադեմիական գերազանցությունը, ազնվությունը, առաջնորդությունը և հասարակության ծառայելը։

ՀԱՀ-ը տրամադրում է մագիստրոսական ակադեմիական ծրագրեր, իսկ 2013թ-ի աշնանից՝ բակալավրիատի կրթություն։ Իր կրթական ծրագրերին զուգահեռ ՀԱՀ-ը հիմնել է Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնը, Թուրփանջյան քաղաքական հետազոտությունների կենտրոնը, Յակոբեան բնապահպանական կենտրոնը, առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը, կիրառական լեզվաբանության հետազոտական կենտրոնը, բիզնես հետազոտությունների և զարգացման կենտրոնը և իրավական ռեսուրսների կենտրոնը՝ նպատակ ունենալով ուսուցանվող ծրագրերի հետ մեկտեղ խրախուսել նաև հետազոտական աշխատանքները։ Որպես հանրային ծառայություն Հայաստանի համայնքներին, ՀԱՀ-ը Թուրփանջյան գյուղական զարգացման ծրագրի, վերապատրաստումների և կուրսերի միջոցով առաջարկում է նաև բիզնեսի զարգացման ծրագիր։
top