Սյունիք, Հայաստան ― Բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի մրցույթի հաղթող նախագծերից «Երիտասարդ բնագետներ» ծրագիրը, նախաձեռնված Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչ Լուսինե Շեգունցի և բնապահպանական խնդիրներով հետաքրքրված մի շարք աշակերտների կողմից, իրականացվեց ս.թ. մայիսին:

Նախագծի առաջնային նպատակն էր երեխաներին իրազեկել գլոբալ և տեղական բնապահպանական և սոցիալական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն տալ երեխաներին դառնալ հնարավոր լուծումներ առաջարկելու և իրականացնելու գործընթացի ակտիվ մասնակիցը: Նախագիծն իրականացնող թիմը Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն էին: Նախագծի գործողությունները ներառում էին տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցում երեխաներին:

Անցկացվեցին «Ժողովրդավարությունը սկսվում է դպրոցից» և «Բնության հավասարակշռության վերականգնումը» թեմաներով սեմինարներ, որոնք սովորեցրին երեխաներին գործել միասնական և իրենց ներդրումն ունենալ սոցիալական խնդիրների լուծման հարցում:

Կարևոր է նշել, որ երեխաները ունեցան այց Գորիսի քաղաքապետարան և հանդիպեցին քաղաքապետ պարոն Ադունցի հետ, ում հետ քննարկեցին քաղաքի ներկայիս բնապահպանական խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումներ:

Ավարտական գործողության ժամանակ երեխաները ուսուցիչների ուղեկցությամբ մաքրեցին մատուռի շրջակայքը և տեղադրեցին աղբարկղեր և ցուցանակներ` «Շնորհակալ ենք տարածքը մաքուր պահելու համար» գրությամբ: Սա երեխաներին հնարավորություն տվեց ուղղակիորեն մասնակցել համայնքի խնդիրներին լուծումներ տալուն՝ միաժամանակ համագործակցելով քաղաքապետարանի հետ: Նախկինում որևէ աղբահանման համակարգ Սուրբ Հռիփսիմեի մատուռի տարածքում չկար: Աղբարկղերի և ցուցանակի տեղադրումից հետո, պարոն Ադունցը խոստացավ շաբաթական առնվազն մեկ անգամ աղբահանում կազմակերպել մատուռի շրջակայքում:

«Երեխաներն այնքան ոգևորված են, որ ցանկություն ունեն նախագծին շարունակություն տալ: Նրանք որոշել են լուսանկարել այն անձանց, ովքեր աղբը թափում են գետնին, այլ ոչ աղբարկղում: Այնուհետև կկազմակերպեն ցուցահանդես, որտեղ կցուցադրեն լուսանկարները, ինչպես նաև մարդկանց վատ վարքը` այսպիսով կանխելով նման պահվածքը հետագայում», նշեց նախագծի կազմակերպիչ Լուսինե Շեգունցը:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներիցմեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստացված 130 դիմումներից: Մրցույթըկազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, բաղկացած Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամներից, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

Picture1Picture2Picture3Picture4Picture7Picture8