Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակում են բնապահպանական կրթության վերապատրաստման դասընթացների փաթեթներ՝ նախարարություններում, պետական մարմիններում, տարածաշրջանային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում  որոշում կայացնողների համար:

Փաթեթները կունենան առավելագույնը մինչև 24 ժամ տևողություն և կներառեն բնապահպանական թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝

  • Գլոբալ բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ
  • Հայաստանի բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ
  • Բնապահպանական կառավարում (գլոբալ և Հայաստանում)
  • Կայուն գյուղատնտեսություն
  • Կայուն քաղաքներ
  • Կայուն անտառներ և կենսաբազմազանություն
  • Էներգաարդյունավետություն
  • Վերականգնվող էներգետիկա
  • Պատասխանատու սպառում
  • Պատասխանատու արտադրություն
  • Շրջանաձև տնտեսություն՝ թափոնների վերացում

Դասընթացը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ մասնակիցները հասուն և փորձառու մարդիկ ու մասնագետներ են։ Հաշվի է առնվել, մասնավորապես այն, որ, որպես կանոն, այդ կարգի  մասնակիցները ունեն մեծ անձնական փորձ (ինչպես դրական, այնպես էլ բացասական), որը կիրառում են ուսուցման ժամանակ: Իրենք հակված են լինել գործնական, հաճախ ունենում են բազմաթիվ պարտականություններ և պարտավորություններ, որոնք պահանջում են կենտրոնանալ գործնական խնդիրների վրա: Հետևաբար, դասընթացը կհիմնվի խնդիրների վրա, այլ ոչ թե դասախոսությունների: Իրենք նախընտրում են նաև հանդես գալ որպես հավասար գործընկերներ ուսումնական գործընթացում և  ներգրավվել քննարկումների մեջ:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից բնապահպանական կրթության վերապատրաստման դասընթացի մշակմանը ներգրավված փորձագետներն են Ալեն Ամիրխանյանը, Աստղինե Պասոյանը, Թամարա Բաբայանը, Արամ Ասատրյանը, Հեղինե Գրիգորյանը և Տատյանա Դանիելյանը: Ծրագրի ղեկավարն է Գագիկ Գաբրիելյանը, համակարգողը՝ Լիտտա Մուրադյանը:

Բնապահպանական կրթության վերապատրաստման դասընթացների փաթեթների մշակման ծրագիրը հանդիսանում է ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում՝ շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ավելի մեծ ծրագրի մաս, որը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից: