Սևծովյան ավազանի երկրների շենքերում էներգաարդյունավետության ծրագիր (BSBEEP)

Ուսումնական շրջայց Հայաստանում շենքերում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկո լուծումների վերաբերյալ

Երևան, Հայաստան – Ժամանակակից էներգաարդյունավետության լուծումներով ճարտարապետության օրինակներ տեսնելու նպատակով արտերկիր մեկնելու ժամանակները անցյալում են: Սույն թվականի մայիսի 18 – 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության հետ համատեղ իրականացրեցին ուսումնական շրջայց Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ էկո-լուծումների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցների 15 հոգանոց խումբը ներառում էր հանրային ծառայողներ, շինարարներ, գիտական աշխատողների և ՀԿ-ների անդամներ Հայաստանի Սյունիքի մարզից։ Միջոցառման նպատակն էր գիտելիքի ստեղծումը և մինչ այժմ երկրի ներսում ունեցած հաջողություններին նոր ընթացք տալը:
«Առ այսօր Հայաստանում մենք ունենք մի շարք հաջողություններ և լավագույն կիրառումներ կապված կառուցված միջավայրում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և ընդհանուր էկո-լուծումների հետ: Հաջողություններ, որոնք ճանաչվել են համաշխարհային հավաստագրեր տրամադրող գործակալությունների կողմից»,– նշում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պրն. Հայկ Հարությունյանը:
Ազգային շրջայցի նպատակն է մասնակիցներին ցույց տալ շենքերում էներգաարդյունավետության լուծումների հաջողված իրականացումները կամ փորձերը, ինչպես նաև, օգտագործելով այս ազգային շրջայցը, լրատվամիջոցների օգնությամբ շենքերում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացումը՝ ազգային և տեղական մասշտաբով: Ուսումնական շրջայցի մասնակիցները նաև այցելեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձնական շենքեր, Ավետիսյան դպրոցը և Դիլիջանի միջազգային դպրոցը, Գյումրու Կարիտաս վերականգնողական կենտրոն, ինչպես նաև Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման կայան:
«Հայաստանի ամերիկյան համալսարանի և առհասարակ համալսարանների դերը պետք լինի հավաքել այս փորձերն ու դասերը և դարձնել դրանք օգտակար և հասանելի հանրության համար»,- նշում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն պրն. Ալեն Ամիրխանյանը: Ուսումնական շրջայցը կազմակերպվել է ԵՄ Սևծովյան ավազանի շենքերի էներգաարդյունավետության նախագծի շրջանակներում, որի նպատակն է տեղական վարչական կարողությունների ամրապնդման միջոցով ստեղծել ուժեղ ռեգիոնալ գործընկերություն և համագործակցություն Սևծովյան ավազանի երկրների միջև շենքերում էներգաարդյունավետության ոլորտում, որը տեղական և գլոբալ առումով խոշոր բնապահպանական և տնտեսական ազդեցություն ունի:

Ծրագրի կայքէջը՝ այստեղ։