ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասին

Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը աջակցում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգնմանը հետազոտությունների, կրթության և համայնքների ներգրավման միջոցով։ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեության ոլորտները ներառում են․

Բնապահպանական քաղաքականություն

Բնապահպանական քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը հնարավոր դարձնող հիմնական բաղադրիչն է: Կանոնակարգերի միջոցով այն կարող է բացահայտել և ուղղորդել հանրային սեկտորի, ինչպես նաև շատ ավելի լայն մասնավոր ոլորտի ռեսուրսները:

Կայուն բնական ռեսուրսների կառավարում

Բնական պաշարների կառավարումը մարդկանց առնչությունն է բնական միջավայրին, ինչպես օրինակ՝ անտառներ, խոնավ տարածքներ, ջրային մարմիններ, հանածոներ, ֆլորա և ֆաունա: Այն ընդունում է, որ մարդիկ և նրանց կենսակերպը հիմնվում է այս պաշարների պատասխանատու տնտեսվարման վրա: Այս ռեսուրսների պատշաճ և կայուն կառավարումն ապահովելու համար, կառավարումը համախմբում է մի շարք գործիքներ, ինչպես օրինակ հողօգտագործման նախագծում, ջրային պաշարների կառավարում, կենսաբազմազանության պահպանում և արդյունաբերությունների կայուն տեղակայում, օրինակ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, ձկնաբուծության և անտառային տնտեսության:

Արհեստական միջավայր և բնական միջավայր

Կառուցապատ շրջակա միջավայրը վերաբերվում է մարդաստեղծ շրջապատին, ինչպես օրինակ՝ քաղաքներ, արդյունաբերություններ և շինություններ: Այն նաև վերաբերվում է ֆիզիկական ենթակառուցվածքներին, օրինակ՝ ճանապարհներ, կամուրջներ, ջրատարներ, էլեկտրական փոխանցման գծեր և այլն, որոնք ոչ միայն քաղաքնորում են գտնվում: Շրջակա միջավայրի պահպանումն ու վերականգնումը պահանջում է հասկանալ այսպիսի կառուցապատ շրջակա միջավայրի ազդեցությունը բնական միջավայրի վրա: Համապատասխան թեմաները ներառում են՝ կոշտ թափոններ (մունիցիպալ, արդյունաբերական և թունավոր), կեղտաջրեր, էներգետիկա, տրանսպորտ, կանաչ տարածքներ և այլն:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու բնական միջավայրը

Բնական շրջակա միջավայրը և դրա համակարգերը բավականին բարդ են: Դրանք հասկանալու համար ուսանողներն ու հետազոտողները պետք է օգտվեն տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինչպես օրինակ ԱՏՀ քարտեզագրումը, հեռահար զոնդավորումը, արբանյակային վերահսկում և համակարգչային մոդելավորում և փորձարկում: Այս բոլոր տեխնոլոգիական լուծումները միասին հաճախ կոչվում են հաճախ կոչվում են հաշվողական էկալոգիա:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, որը նախկինում հայտնի էր որպես Շրջակա միջավայրի պահպանության և հետազոտությունների կենտրոն (ՇՄՊՀԿ), հիմնադրվել է 1992թ-ին որպես հետազոտություններ և ակադեմիական ծրագրեր վերահսկող կենտրոն։ Ի սկզբանե կենտրոնի նպատակն է եղել պաշտպանել Հայաստանի կենսաբազմազանությունը և բնական ռեսուրսները հետազոտությունների, կրթության և հանրային ներգրավվածության միջոցով։

2008թ-ի աշնանը ՇՄՊՀԿ-ն վերանվանվեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (ՀԱՀ ՅԲԿ) ի պատիվ կենտրոնի հովանավոր բարերար հանգուցյալ Սարգիս Յակոբեանի։

Սարգիս Հակոբյանի մասին

Սարգիս Հակոբյանը ծնվել է 1926թ-ի դեկտեմբերի 8-ին Իրանի Թավրիզ քաղաքում Ռուսաստանից և Թուրքիայից դեպի իրան գաղթած ծնողների ընտանիքում։ Սարգիսը մեծացել է Իրանում, իսկ 1945թ-ին գաղթել է Միացյալ նահանգներ, որտեղ ուսանել է Փենսիլվանիայի Լաֆայետ Քոլեջում։ Լաֆայետում սովորելու ընթացքում Սարգիսը զորակոչվել է ամերիկյան բանակ։ Տեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղակայված Լաքլենդ ավիաբազայում ծառայության ժամանակ Սարգիսը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Բոբբիին։ Պատվով զորացրվելուց և Լաֆայետ վերադառնալուց հետո 1951թ-ին նա ավարտել է Լաֆայետը՝ ստանալով բակալավրի կոչում մեխանիկական ճարտարագիտության ոլորտում։ Ավարտելուց հետո Սարգիսն աշխատանքի է ընդունվում Weller Electric Corp-ում, որտեղ նա նախագծում է էլեկտրական հղկող մեքենա և զոդող սարք, որոնք դառնում են ընկերության ամենահայտնի արտադրանքը։
Սարգիսը մանկուց երազում էր ունենալ սեփական բիզնեսը։ Սկզբի համար ընդամենը փոքրիկ վարկ ունենալով՝ նա սկսեց նախագծել և արտադրել առաջին արևային էներգիայով աշխատող ռադիոն։ Այս հայտնագործությունը Սարգսի համար դարձավ հոսանքի մատակարարման բիզնես մուտք գործելու պատճառ։ Acopian Technical Company-ն գործում է մինչ օրս։

Սարգիս Հակոբյանն ավելին էր քան արտակարգ ձեռներց լինելը։ Նա սիրում էր արկածներ։ Իր ողջ կյանքի ընթացքում նա նվիրված օդաչու էր, ով ղեկավարում էր իր օդանավի թռիչքներն Փենսիլվանիայում և Ֆլորիդայում գտնվող իր ընկերության արտադրամասերի միջև։ Նա նաև սկուբա դայիվինգի և սկայդայվինգի սիրահար էր, ով ավելի քան 200 թռիչքներ է կատարել 1960-ականներին՝ այդ սպորտաձևի սկզբնավորման ժամանակ։ Սակայն նա ամենաշատը հայտնի դարձավ իր բարերարությամբ։

Սարգիսը հավատում էր համայնքին լուռ, սակայն առատորեն օգնություն ցուցաբերելու գործին։ Նա բազմաթիվ նվիրատվություններ է արել տեղական, ազգային և միջազգային գործերի համար, որոնց թվում են եղել Յակոբեան ճարտարագիտության կենտրոնը Լաֆայետ Քոլեջում, Օրնիտոլոգիայի Յակոբեան կենտրոնը Մուլենբերգ Քոլեջում, Hawk Mountain արգելավայրում պահպանության ուսումնառության Յակոբեան կենտրոնը, Յակոբեան, Յակոբեան կրիաների արգելոցը, Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ինչպես նաև տարբեր ծրագրեր Հայաստանի ամերիկյան համալսարանում, Լաֆայետ Քոլեջում և Ֆլորիդայի տեխնոլոգիական ինստիտուտում։

Պարոն Հակոբյանը նաև նվիրատվություններ է կատարել Հս Կարոլինայի Շառլոտ քաղքի Սբ Սարգիս հայկական եկեղեցուն, որը կառուցվել էր իր մոր՝ դոկտոր Արաքս Հակոբյանի պատվին, Գյումրիի Սբ․ Հակոբ եկեղեցուն և Երևանի Սբ․ Մեսրոպ եկեղեցուն։

Իր կյանքի վերջին տարիներին նա աշխարհի բոլոր ծայրերից հավաքեց թռչնաբանների մի թիմ, որի նպատակն էր հրատարակել դաշտային ուղեցույց Հայաստանի թռչունների մասին՝ հույս ունենալով նորանկախ նախկին խորհրդային հանրապետությանը բացատրել շրջակա միջավայրի պահպանության գաղափարը։ Հայաստանի թռչունների դաշտային ուղեցույցը հրատարակվեց 1997թ-ին։ «Հայաստանի թռչունները» ծրագրի արդյունքում նաև հնարավոր եղավ հրատարակել նորանկախ Հայաստանի առաջին ճշգրիտ քարտեզը։

Հակոբյանը պարգևատրվել է Էլիզ կղզու պատվո շքանշանով, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մեդալով և ստացել է պատվավոր դոկտորի կոչում Մուլենբերգ Քոլեջից։
Որպես ներգաղթյալ պարոն Հակոբյանը մշտապես երախտապարտ էր իրեն ընձեռված հնարավորությունների համար։ Նա իր երախտագիտությունն իրեն որդեգրած երկրի նկատմամբ ցույց է տվել Վաշինգտոնի երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանին ամենամեծ անհատական նվիրատվությունն անելով։ Այս մեծահոգի քայլը հանրությանը հայտնի չէր նախքան Սարգիսի վախճանը 2007թ-ին։ Փենսիլվանիայից կոնգրեսմեն Չարլզ Դենթը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին ուղղված իր ելույթում խոսել է այս մասին՝ նշելով, որ իր նվիրատվության դիմաց Սարգիսն ընդամենը նստելու տեղ էր խնդրել բացման արարողության ժամանակ, սակայն նույնիսկ դրանից հրաժարվեց, որպեսզի մեկ այլ վետերան կարողանար մասնակցել։

Թեև նա արդեն մեզ հետ չէ, Սարգիս Հակոբյանի տեսլականը Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ ներկայումս շարունակվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից։