Վայոց Ձոր, Հայաստան – Վազգեն Գալստյանի կողմից իրականացված ծրագրի արդյունքում Գոմք շրջանում կազմվեց կենսաբազմազանության խմբակ: Թվով 17 աշակերտներից կազմված խումբը մասնակցեց բնապահպանական դասընթացների ու դրանց առնչվող գործնական աշխատանքների:

Նախագծի սկզբնական փուլում աշակերտները մասնակցեցին թռչունների ճանաչողական դասընթացների, որոնց հաջորդեցին գյուղի մոտակայքում իրականացված թռչնադիտումները: Դասընթացների մասնակիցներին տրվեցին «Հայաստանի թռչունները» և «Հայաստանի բնությունը» գրքերը:
Դասընթացների թեմաների մեջ ներառված էին Հայաստանի ֆլորան և ֆաունան, Հայաստանի Կարմիր գիրքը, ուտելի խոտաբույսերն ու բույսերը: Խումբը նաև սովորեց՝ ինչպես ճանաչել և տարբերել Կարմիր գրքի տարբեր բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք հատկանշական են տվյալ մարզին: Մեկ այլ գործնական դաս անցկացվեց հերբարիումներ ստեղծելու և պահպանելու վերաբերյալ:
Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն,
ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

13344497_604896809686887_1849263127108199311_n13407127_604901106353124_776603538336130135_n13417413_604896566353578_2460728214567611615_n
13339525_604896799686888_4060621888660229276_n13435341_607773412732560_1750625069473878796_n