ՀԱՀ «Սննդային շղթան դպրոցի բակերում» ծրագիրը փորձարկվել է Երևանի երկու դպրոցներում

Երևան, Մայիս 23, 2016 – Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնն ավարտեցին «Սննդային շղթան դպրոցների բակերում» ծրագրի շուրջ իրենց համագործակցության առաջին տարին։ Ծրագիրը փորձարկվել է Երևանի 2 դպրոցներում՝ սկսած 2015թ-ի նոյեմբեր ամսից։ Երկու դպրոցներում էլ տեղի են ունեցել ծրագրի ավարտական հանդիսություններ․ Երևանի № 87 միջնակարգ դպրոցում այն տեղի ունեցավ 2016թ-ի մայիսի 12-ին, իսկ Ստեփան Զորյանի անվան № 56 տարրական դպրոցում ավարտական միջոցառումն իրականացվեց մայիսի 13-ին։ Ծրագիրը ընդգրկում էր 8-12 դասարանի 43 աշակերտների։

Ծրագրի ընթացքում աշակերտներն իրենց դպրոցներում իրականացրին կոմպոստավորման աշխատանքներ։ Կոմպոստավորումն այն գործընթացն է, որի ժամանակ կարմիր որդերը սննդի թափոններից ստեղծում են սննդապես հարուստ օրգանական մնացուկներ։ Միջոցառման ժամանակ այս պարարտանյութն օգտագործվել օրգանական այգեգործության մեջ։ Ծրագրի նպատակն էր այս ճանապարհով ցուցադրել սննդային շղթան։ Աշակերտների խմբերը հանդիպել են դասերից հետո շաբաթական երկու անգամ՝ քննարկելու, հետևելու և փոփոխություններ կատարելու կոմպոստավորման արկղերում։

Այս տարվա մայիս ամսվա սկզբին աշակերտներն օգտագործեցին որդերի օգնությամբ ստացված պարարտանյութը ելակի և լոլիկի սածիլներ տնկելու ժամանակ։ Ավարտական հանդիսության ժամանակ աշակերտներն այս սածիլները տեղափոխեցին և տնկեցին դպրոցների բակերում։ Միևնույն ժամանակ աղցաններ պատրաստեցին օրգանական
սննդից, իսկ սննդային թափոններով կերակրեցին որդերին։ Այսպիսով միջոցառման ժամանակ աշակերտները ցուցադրեցին սննդային ամբողջական շղթան։

«Մենք անհամբեր սպասում էինք ծրագրի արդյունքներին այս երկու դպրոցներում։ Սա գործնական կրթական գործիք էր, որը լրացնում է դպրոցների հետ իրականացվող «Շրջակա միջավայրը և ես» ծրագիրը։ Արդյունքները տպավորիչ են։ Աշակերտները խնամքով պահպանեցին որդերին և ընթացքում սովորեցին կենսահամակարգերի մասին և նաև այն
մասին, թե ինչպես են բնական ռեսուրսները մի ձևից վերածվում մյուսի», նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կետնրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։

Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց կայուն զարգացմանը միտված նման բնապահպանական նախաձեռնությունների կարևորությունը Երևանի դպրոցներում։ Նա վստահություն հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական
կենտրոնի միջև համագործակցությունը շարունակական կլինի։

«Որդերի նկատմամբ աշակերտների առաջին ռեակցիան կանխատեսելի էր․ նրանցից գրեթե բոլոր զզվանքով էին վերաբերվում դրանց և չկարողացան նույնիսկ մոտենալ։ Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում աշակետրները սկսեցին հոգ տանել որդերի մասին և սկսեցին նրանց վերաբերվել որպես իրենց ընտանի կենդանիների ու սկսեցին անգամ նրանց ձեռք տալ», ասաց ՀԱՀ Յակոբեան կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարինե Ասատրյանը։

«Ծրագիրը նախատեսված է որպես գործնական ուսուցման միջոց, որի ընթացքում աշակերտները դարձան առաջնորդներ իրենց խմբերում։ Կերակրման ընթացքում այլ դասարաններից շատ աշակերտներ երկան գործընթացը դիտելու, իսկ արդեն սովորած աշակերտներն իրենց հյուրերին ցույց տվեցին ողջ գործընթացը», ասաց ՀԱՀ
Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից ծրագրում ներգրավված փորձագետ Արմինե Սարգսյանը։ «Ծրագրի ընթացքում աշակերտների համար շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին աճում որդերը, բոժոժների առաջացումն ու նրանցից որդերի դուրս գալը», ավելացրեց նա։ Ծրագրի ընթացքում աշակերտները նաև սովորեցին որդերի վերարտադրողական համակարգի և նրանց գոյության պայմանների մասին։ Նման գործնական փորձը, ըստ Արմինե Սարգսյանի, բերում է խորացված ուսումնառության, ինչը հնարավոր չէ ստանալ միայն դասագրքեր կարդալով։

Փորձնական փուլի ավարտից հետո ձեռք բերված փորձը կգնահատվի և կքննարկվի նախաձեռնությունն այլ դպրոցներում իրականացնելու հարցը։ Մարինե Ասատրյանը և Արմին Սարգսյանը նաև աշխատում են ուսուցչի ձեռնարկ պատրաստելու ուղղությամբ, որը կներառի դասավանդման պլաններ այն մասին, թե ինչպես է հնարավոր այս նախաձեռնությունը տարածել ողջ երկրում։ Ծրագրի վերաբերյալ նաև տեսանյութ կպատրաստվի՝ նպատակ ունենալով լրացուցիչ ուղեցույցներ ապահովել ուսուցիչների համար։

 

13244130_10154220309727855_4804340548277639257_o 13268250_10154220316057855_4125732066482657397_o 13268032_10154220312322855_5368842807707632037_o 13248425_10154220312717855_6946567118230488513_o 13268018_10154220315682855_7837535951295150459_o 13247779_10154220324432855_8392951208039554474_o

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարներն ամբողջությամբ՝ այստեղ: