ՏԱՎՈՒՇ, Հայաստան- Տավուշի մարզի չորս սահմանային գյուղերից (Սարիգյուղ, Ծաղկավան, Աչաջուր, Սևքար) ավելի քան 120 աշակերտ մասնակցել են անտառագիտության վերաբերյալ բնապահպանական դասընթացների: Նախագիծն իրականացվել է Մհեր Աթոյանի նախաձեռնությամբ և հանդիսանում է Բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի մրցույթի հաղթող ծրագրերից մեկը:

Աշակերտները մասնակցել են տարբեր թեմաներով դասընթացների անտառագիտության վերաբերյալ, մասնավորապես, անտառների ու նրանց շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, անտառահատման և այլ թեմաներով: Դասընթացներից հետո ձևավորվել են բնապահպանական խմբեր՝ բաղկացած չորս համայնքների 5-12 աշակերտներից, որոնք և մասնակցել են համայնքների մոտակա անտառներում կազմակերպված գործնական դասերին: Աշակերտները անտառներում հետազոտություններ են իրականացրել՝ ուսումնասիրելով ծառերի աճը, շրջակա միջավայրը և ծառերի վերարտադրողականությունը: Ստացված տվյալները քարտեզագրվելու են հետագայում ծառերի աճը ուսումնասիրելու նպատակով:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

IMG_2748_новый размерIMG_2749_новый размерIMG_2753_новый размерIMG_2754_новый размерIMG_2758_новый размерIMG_2760_новый размерIMG_2761_новый размерIMG_2762_новый размер