Կոտայք, Հայաստան- Թեղենիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Մովսիսյանի կողմից նախաձեռնված և իրականացված «Բնապահպանական տաղավար» նախագիծը հաջող ավարտ է ունեցել:
Նախագծի նպատակն էր ստեղծել տաղավար, որը կնպաստեր բնապահպանությանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղացիների իրազեկմանը: Տեղացի բնակիչները իրականացված դասընթացի ընթացքում սովորեցին՝ ինչպես բնական պաշարները առավել կայուն օգտագործել և նպաստել բնության պահպանությանը: Ավելին, ձևավորված խումբը ծանոթացավ և մասնակիցը դարձավ կոմպոստացման ու վերմիկոմպոստացման գործընթացներին:
Տաղավարի կառուցման աշխատանքները սկսվել են 2016 թվականի ապրիլին: Շինարարական աշխատանքներին կամավոր սկզբունքով մեծ աջակցություն են ցուցաբերել տեղի համայնքի բնակիչները: Հունիս ամսին Թեղենիքի միջնակարգ դպրոցից 12 աշակերտներ և Արզականի միջնակարգ դպրոցից 14 աշակերտներ շրջայց ունեցան տաղավարում: Ծրագրի կազմակերպիչ տիկին Գոհար Մովսիսյանը թափոնների արդյունավետ կառավարման վերաբերյալ դասընթաց անցկացրեց: Սեմինարի ընթացքում օգտագործվեցին GIZ գերմանական համագործակցության և «ԷՅ-ԹԻ-ՓԻ կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման մոդուլները:
Ինչպես նշեցին երեխաները, սեմինարի ամենաոգևորիչ փորձը վերմիկոմպոստացումն էր: Տիկին Մովսիսյանը ցանկություն հայտնեց ապագայում համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ և ավելի բազմազան աշխատանքներ ներառել տաղավարի գործունեության մեջ:
Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:
Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր: