Menu

Մարդ-վայրի բնություն հակամարտությունները Հայաստանում՝ ելակետային ուսումնասիրություն

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Մեծ Բրիտանիայում գործող Fauna and Flora International-ի (FFI) հետ համատեղ, իրականացնում է ելակետային ուսումնասիրություն՝ մարդ-վայրի բնություն հակամարտությունները և դրանց մեղմացման մոտեցումներն ավելի լավ հասկանալու նպատակով:

Անասնաբուծության և այլ սննդամթերքի առատությունը և վայրի բնության կենսամիջավայրերին մոտ տեղակայվածությունը, գյուղերում առաջացնում են հարձակման վտանգ այնպիսի կենդանիների կողմից, ինչպիսիք են գայլերը և արջերը: Հաճախ սպառնալիքը ֆիզիկապես ուղղված է ոչ թե մարդկանց, այլ նրանց տնտեսական ռեսուրսների դեմ: Գայլերը սպանում են ոչխարներին, կովերին և թռչուններին, իսկ արջերը վնասում են պտղատու ծառերը, ոչնչացնում մեղվափեթակները և սպառում մեղրի պաշարները։ Ժամանակի ընթացքում դրանք կարող են մեծ տնտեսական վնաս պատճառել գյուղերին, որոնք առանց այդ էլ սուղ միջոցներով են գոյատևում:

Բայց մինչ գյուղերը տնտեսական մեծ վնաս կկրեն, գյուղացիները սովորաբար փորձում են սպանել գայլերին կամ արջերին՝ հարված հասցնելով առանց այն էլ քայքայված էկոհամակարգին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թվականին, ընդամենը երեք ամսում սպանվել է 170 գայլ։

Ֆաունա և Ֆլորա Ինթերնեյշնլը (FFI) երկար տարիներ ներգրավված է եղել մարդ-վայրի բնության հակամարտությունների մեղմացման ծրագրերում՝ լայնորեն աշխատելով Հարավարևելյան Ասիայում, Արևելյան Եվրոպայում և վերջին շրջանում՝ Վրաստանի Հանրապետությունում: Ծրագրի միջոցով, որը համատեղում է անմիջական միջամտությունը, իրազեկության բարձրացումը և շուկայի վրա հիմնված նորարարությունը, Ֆաունա և Ֆլորա Ինթերնեյշնլի նախաձեռնությունը նկատել է բարելավում գայլերի նկատմամբ անասնաբուծական ֆերմերների վերաբերմունքի մեջ:

ՀԱՀ Յակոբեան կենտրոնի ավագ գիտաշխատող պարոն Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, կենտրոնի հետազոտողները և ՀԱՀ ուսանողները ուսումնասիրել են Հայաստանի ինը գյուղական համայնքները և վայրի կենսամիջավայրերում ապրելակերպի պայմանները:

Ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ, ուսանողներին ոչ միայն հնարավորություն կտա ձեռք բերել գործնական փորձ այս ոլորտում, այլև կնպաստի կենսաբազմազանության պահպանման լուծումներ գտնելուն՝ միաժամանակ ապահովելով գյուղական համայնքների տնտեսական բարեկեցությունը: