Սևանա լճի ավազանում կանոնավոր հիդրոկենսաբանական մոնիտորինգի անցկացման կարիքների գնահատում

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը սկսել է Սևանա լճի կանոնավոր հիդրոկենսաբանական մոնիտորինգի հիմքերը ստեղծելու նպատակով կարիքների գնահատման ծրագիր: Նախաձեռնությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և հանդիսանում է EU4Sevan նախագծի անբաժանելի մասը, որն իրականացվում է Ջի-Այ-Զեթի (GIZ) կողմից:

Վերջին տարիներին, հակապես ջրի որակի վատթարացմամբ պայմանավորված, Սևանա լճում դիտվում են թունավոր ցիանոբակտերիալ ծաղկումներ: «Այս երևույթները մեղմելու և Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ ռեսուրսի կայունությունն ապահովելու համար մենք պետք է ավելի լավ հասկանանք այս ծաղկման դրդապատճառներն ու ազդեցությունները», – ասում է ծրագիրը ղեկավարող ՀԱՀ դասախոս և Յակոբեան կենտրոնի գիտաշխատող, դոկտոր Կարապետ Գազանճեանը: «Սևանա լճից երկայնքով ստացվող տվյալները սակավ են. կարևոր պարամետրերը չափվում են կա՛մ ժամանակ առ ժամանակ, կա՛մ ընդհանրապես չեն չափվում, ինչը բարդացնում է վերլուծությունը, իսկ լճի հետագա որպիսության վերաբերյալ եզրակացությունները՝ անորոշ»,- ավելացնում է նա:

Այս ծրագիրը մոտ ապագայում կգնահատի կանոնավոր մոնիտորինգի երեք կարևոր հիդրոկենսաբանական պարամետրեր, ներառյալ ֆիտոպլանկտոնը, ֆիտոբենթոսը (պերիֆիտոն) և զոոբենթոսը (մակրոանողնաշարավորները): Սևանա լճի ավազանում ֆիտոպլանկտոնի և մակրոանողնաշարավորների ուսումնասիրությունները կանոնավոր կերպով չեն իրականացվել, մինչդեռ պերիֆիտոնների հետազոտությունն ընդհանրապես բացակայում է: «Առանց այս տեղեկատվության մենք չենք կարող հասկանալ լճի էվտրոֆիկացման դինամիկան, ոչ էլ կանխատեսել ապագայում ծաղկման հավանականությունը», – եզրակացնում է դոկտոր Գազանճեանը:

Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ: Սկզբում հետազոտողները կկազմեն և կվերանայեն Սևանա լճի վերաբերյալ այս պարամետրերին առնչվող ողջ գրականությունը, ներառյալ խորհրդային տարիներին հրապարակված հետազոտությունները: Գրականության ուսումնասիրությունն ավելի լավ կսահմանի լճի կյանքի պատմությունը և կբացահայտի մեր գիտելիքների բացակայող բացերը:

Հաջորդիվ, հարցազրույցներ կանցկացվեն շահագրգիռ կողմերի հետ՝ գնահատելու ընթացիկ ջանքերը և առկա կարողությունները: Կուսումնասիրվեն բոլոր համապատասխան մեթոդները և որակի միջազգային ստանդարտները, որոնք վերաբերում են այս հիդրոկենսաբանական պարամետրերի մոնիտորինգին և կանցկացվի փորձաքննության և սարքավորումների բացերի վերլուծություն՝ գնահատելու սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացումը:

Վերջապես, ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կկազմակերպի շահագրգիռ կողմերի ֆոկուս խումբ՝ քննարկում ծավալելու լճի կանոնավոր հիդրոկենսաբանական մոնիտորինգի հաստատման վերաբերյալ: Ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրի ճանապարհային քարտեզ՝ ներառյալ գնահատված ծախսերը, կանոնավոր կերպով տվյալներ տրամադրելու համար: Սա մեծապես կնպաստի լճային ավազանի կառավարման համապարփակ ծրագրի մշակմանը` ապահովելու Հայաստանի քաղցրահամ ջրի արժեքավոր ռեսուրսի կայունությունը:

 

https://newsroom.aua.am/2021/12/07/aua-launches-lake-sevan-hydrobiological-monitoring-assessment/