ԱՃԹՆ-ի և Պատասխանատու Հանքարդյունաբերության Թեմայով Դասընթաց
Նկարագիր
2020 թվականի մայիսի 25-ից հունիսի 2-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը անցկացրել է հինգ առցանց դասընթաց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ՝ որպես հանքարդյունաբերության ոլորտի և ԱՃԹՆ (ITAMSPE) ծրագրի խթանման, թափանցիկության և հաշվետվողականության զարգացման մաս։
Թեև ի սկզբանե որոշված էր անցկացնել լսարանային դասընթացներ, համաճարակով պայմանավորված սահմանափակումները դասընթացները դարձրեցին առցանց: Դասընթացը վարում էր ԱՃԹՆ Հայաստանի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, Երևանի պետական համալսարանի Տարածաշրջանային Երկրաբանության և Օգտակար Հանածոների հետազոտության ամբիոնի վարիչ Հարություն Մովսիսյանը և մեդիա մասնագետ Նելլի Ռաֆայելյանը։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին ԱՃԹՆ ստանդարտը, ԱՃԹՆ շահառու խմբի (անդամ երկրում ստանդարտների որոշումներ կայացնող մարմին) գործառույթները և թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումը: Դասընթացը ներառում էր նաև պատասխանատու հանքարդյունաբերության հիմնական սկզբունքները: Դասընթացի մասնակիցները դիտեցին ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից ստեղծված մի շարք տեսանյութեր՝ ԱՃԹՆ-ի և պատասխանատու հանքարդյունաբերության թեմաներով:
Դասընթացներին մասնակցել է ավելի քան 40 մարդ, այդ թվում շահագրգիռ կողմեր կառավարությունից, տեղական համայնքներից, ՀԿ-ներից, երիտասարդական կազմակերպություններից և լրատվամիջոցներից:
Այս դասընթացներից զատ, ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մշակել է ԱՃԹՆ ստանդարտի վերաբերյալ էլեկտրոնային ուսուցողական դասընթաց, որը հասանելի է Կենտրոնի էլեկտրոնային ուսուցման հարթակում:
«10 մոդուլ ունեցող դասընթացը ներառում է շահիկաշարեր, տեսանյութեր և տարբեր ռեսուրսներ ուսանողների համար: Էլեկտրոնային դասընթացը հայերեն է և հնարավորություն է տալիս մասնակիցներին հարցեր ուղղել հենց դասընթացավարներին և իրենց գիտելիքները ստուգելու համար թեստեր անցնել»,- բացատրում է Կենտրոնի ITAMPSE նախագծի ղեկավար, Դր․ Ալեքսանդր Առաքելյանը:
«Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման վերջին երեք տարիների ընթացքում բավականին արդյունավետ հարթակ է ստեղծվել՝ ներառելով Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբին, որը ներկայացնում է կառավարությանը, արդյունահանող ընկերություններին և քաղաքացիական հասարակությանը»,- նշում է Լուսինե Թովմասյանը, Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարություն։ «Այս առցանց դասընթացները և էլեկտրոնային ուսուցման մոդուլները շատ ձեռնտու են խմբի անդամների համար, ովքեր պարբերաբար փոփոխվում են: Այն նաև ծառայում է Հայաստանում ԱՃԹՆ ներգրավված համայնքի մեծացմանը»,- բացատրում է Թովմասյանը՝ ընդգծելով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հարցերի շուրջ շարունակական երկխոսության կարևորությունը։
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ITAMPSE նախագիծը ֆինանսավորվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ներգրավված քաղաքացին հանուն պատասխանատու կառավարման» թեմայի համար ստացված դրամաշնորհից: ITAMPSE-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ծրագրի կայքէջ: