Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկում
Միջոցառման մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամը (ՎԺՀ) կազմակերպել են Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ՀՀ կառավարության, համապատասխան նախարարությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ:
Քննարկման նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի էներգետիկ անվտանգության հզորացման ներուժը ռազմավարական փաստաթղթերի միջոցով: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են վերականգնվող էներգիային, էներգաարդյունավետության և էներգիայի պահեստավորման ոլորտում ներդրումներին վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ կլոր սեղանի շուրջ քննարկումը, որն առաջինն է ՎԺՀ-ի կողմից կազմակերպվող «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» ծրագրով նախատեսված երկու նմանատիպ քննարկումներից, ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, Կայունության և Անվտանգության» հիմնադրամի կողմից։ Այս քննարկումը կազմակերպվել է ՀԱՀ Ձեռներեցության և Նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (ՁՆՏԿ) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Էներգետիկ անցումներ հանուն կլիմայական լուծումների» նախաձեռնության հետ սերտ համագործակցությամբ:
