Հայաստանում Հանքարդյունաբերության Բնապահպանական Ռիսկերի և Առողջական Հետևանքների Թեմայով Դասընթաց
2015 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՊՀԿ), համագործակցելով Կովկասի Բնապահպանական ՀԿ ցանցի (ԿԲՑ) և Օրհուս կենտրոնի հետ Ալավերդի քաղաքում, իրականացրեց Հայաստանում հանքարդյունաբերության բնապահպանական ռիսկերի և առողջական հետևանքների թեմայով դասընթաց։
Դասընթացն անցկացվել է Լոռվա Ալավերդի քաղաքում, որին մասնակցել է 45 մարդ Լոռվա տարբեր համայնքներից, այդ թվում՝ Ալավերդիից, Ախթալայից, Թեղուտից, Ճոճկանից և Մեծ Այրումից: Եղել են նաև ներկայացուցիչներ տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքային խորհուրդներից, առողջապահական և հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից և երիտասարդական խմբերից։
Դասընթացի նպատակն էր նպաստել տեղական համայնքի անդամների իրազեկվածության բարձրացմանը ծանր մետաղների, ինչպիսիք են մկնդեղի և կապարի՝ շրջակա միջավայրում հանքարդյունաբերության և ձուլման հետ կապված գործունեության միջոցով կուտակված ազդեցությունը նվազեցնելու հարցում։
Դասընթացը վարել է Ռուզաննա Գրիգորյանը (մագիստրոս և ասպիրանտ ՀԱ ոլորտում), ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային Առողջապահության բաժնում և համակարգել է ՀԱՀ Հանրային Առողջապահության ոլորտի ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության և ձուլման համայնքներում։ Նա ներկայացրեց ՀԱՀ ՀԱ հետազոտությունը Ալավերդիում առկա ծանր մետաղների մասին, ինչպես նաև, օգտագործելով Ախթալայում իրականացված Blacksmith Institute for a Pure Earth-ի աջակցությամբ և ՀԱՀ ՀԱ-ի կողմից մշակված փորձնական ծրագրի նյութերը, մասնակիցներին տեղեկացրեց կանխարգելման միջոցների մասին։
Դասընթացի ընթացքում Դր․ Գրիգորյանը կենտրոնացավ անվտանգության միջոցների և տեխնիկաների վրա, որոնք անհատները կարող են օգտագործել իրենց առօրյա կյանքում՝ հանքարդյունաբերության աղտոտման վնասակար ազդեցությունը առողջության վրա նվազեցնելու համար: Մասնակիցները կիսվեցին Ալավերդու աղտոտվածության ներկա վիճակի մասին իրենց մտահոգություններով։ Նրանք նաև հետաքրքրություն հայտնեցին Լոռու մարզի այլ համայնքներում իրականացվող հետազոտությունների արդյունքների մասին ավելին իմանալու համար: Դր․ Գրիգորյանը մասնակիցներին տեղեկացրեց հանրությանը հասանելի տվյալների աղբյուրների մասին, որոնք ներառում են ինֆորմացիա մարզի տուժած համայնքներից մի քանիսի մասին: Բազմաթիվ մասնակիցներ հետաքրքրություն հայտնեցին ապագայում նմանատիպ դասընթացներ ունենալու նկատմամբ:
Դասընթացն իրականացվել է CENN-ի «Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը, բարձրացնել բնապահպանական և սոցիալական անվտանգությունը և խթանել կայուն գյուղական զարգացումը: Ծրագիրն իրականացվում է “Bread for the World” գերմանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։