Հանրության Մասնակցությունը Բնապահպանական Օրենսդրական Որոշումների Կայացման Գործընթացին՝ Հնարավորություններ, Խոչընդոտներ և Պրակտիկա
2015 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՊՀԿ), համագործակցելով Կովկասի Բնապահպանական ՀԿ ցանցի (ԿԲՑ) և Օրհուս կենտրոնի հետ Ալավերդի քաղաքում (Լոռու մարզ), իրականացրեց հասարակության մասնակցությունը բնապահպանական օրենքների օրենսդրական գործընթացին ներգրավելու թեմայով դասընթաց։
Դասընթացը մշակվել և իրականացվել է Երևանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավական ռեսուրսների կենտրոնի կողմից՝ ազգային և միջազգային բնապահպանական իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Աիդա Իսկոյանի գլխավորությամբ: Դասընթացի նպատակն էր նպաստել բնապահպանական օրենքներին առնչվող որոշումների կայացման գործընթացներում հասարակության մասնակցության կարևորության իրազեկմանը և մասնակիցներին տրամադրել օրենսդրական գործընթացներին արդյունավետ մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվություն և գործիքներ: Դասընթացավարներն ընդգծեցին տեղական համայնքներում կարողությունների հզորացման կարևորությունը՝ մասնակիցներին օժտելով բնապահպանական օրենսդրությունը կառուցողականորեն վերլուծելու և տեղական ու ազգային մակարդակում պետական հաստատություններին ներգրավվելու հմտությամբ։
Դասընթացը ներառում էր ծանոթացում օրենսդրական գործընթացներին․ հասարակության մասնակցության հիմնական սկզբունքներին և մեխանիզմներին: Մասնակիցներին տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված համապատասխան միջազգային կոնվենցիաները և դրույթները, որոնք ապահովում են հասարակության ներգրավվածությունը բնապահպանական օրենքներին առնչվող օրենսդրական գործընթացում։ Ի վերջո, դասընթացավարները ներկայացրեցին գործնական միջոցներ, որոնք մասնակիցները կարող են օգտագործել օրենսդրական գործընթացում իրենց մասնակցությունը հեշտացնելու համար, ինչպես օրինակ՝ սահմանված պետական ընթացակարգերի միջոցով համապատասխան բնապահպանական և օրենսդրական նախագծերի տեղեկատվության հասանելիության ձեռք բերումը:
Մասնակիցներն էին տեղական աշակերտական խորհուրդների երիտասարդական նախաձեռնությունների 17 անդամները և շրջակա միջավայրի պաշտպանության և քաղաքացիական հասարակության խթանման հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ների անդամները: Ներկա էին նաև լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Հետք» առցանց լրատվականը և «Անկյուն+3» տեղական հեռուստաընկերությունը, որը հարցազրույց էր անցկացրել դասընթացավարներից մեկի հետ՝ հեռուսատաալիքով հեռարձակվող լուրերում ներկայացնելու համար:
Դասընթացն իրականացվել է CENN-ի «Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը, բարձրացնել բնապահպանական և սոցիալական անվտանգությունը և խթանել կայուն գյուղական զարգացումը: Ծրագիրն իրականացվում է “Bread for the World” գերմանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։