Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը Հայաստանում

Սույն կայքէջը ստեղծվել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի տրամադրել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի վերաբերյալ հիմնական տեղեկատվություն:

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման կարողությունները հետևյալ 3 բաղադրիչների միջոցով.

1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջը)

2. Սևան քաղաքում և այլ համայնքներում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման համակարգի ներդրում (աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը)

3. Ոլորտում կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված վերջնարդյունքները։

ԱԸՊ-ի ներդրման հայեցակարգ (59 էջ) ԱԸՊ ամփոփագիր (2 էջ)

 

Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը (ԱԸՊ) համակարգ է, որը կոնկրետ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ԱԸՊ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։ Դա ենթադրում է հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում և այլ միջոցառումներ:

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության շրջանակներում կառավարվող ԱԸՊ ապրանքների ցանկը սահմանվում է լիազոր մարմնի կողմից։

Հատուկ թափոնը ԱԸՊ ապրանքի իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում գոյացող թափոնն է։ Թափոններն ընդունված է խմբավորել ըստ հատկականիշների։ Հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

ԱԸՊ սխեմեմաներով կառավարվող հատուկ թափոնի խմբերը սովորաբար ներառում են`

  • տարա և փաթեթավորում (պարտադիր է ԵՄ-ում),
  • մարտկոցներ և կուտակիչներ (պարտադիր է ԵՄ-ում),
  • ԷԷՍ (էլեկտրական և էլեկտրոնային սարքերի թափոններ, պարտադիր է ԵՄ-ում),
  • ՇԴԵՏՄ  (շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ, պարտադիր է ԵՄ-ում),
  • անվադողեր,
  • յուղեր, օդի և յուղերի զտիչներ,
  • տեքստիլ,
  • լուսավոլտային վահանակներ։

ԱԸՊ համակարգում արտադրող համարվող ընկերությունները օրենքով սահմանված կարգով ստեղծում են Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ, որոնք պարտավոր են կազմակերպել և համակարգել ԱԸՊ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածությունը։

Միջազգային պրակտիկայում ԱՊԿ-ները հիմնականում ոչ առևտրային, շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք են, որոնք հիմնադրվում են նվազագույնը երկու ԱԸՊ արտադրողի կողմից։ ԱՊԿ-ն կարող է պատասխանատու լինել մեկ կամ ավելի թափոնի խմբի համար։

 

 

ԱԸՊ համակարգում բոլոր արտադրողները պետք է անդամակցեն որևէ ԱՊԿ-ի և վերջինիս վճարեն ԱԸՊ վճար, որը ձևավորվում է ըստ արտադրողի կողմից իրացված ԱԸՊ ապրանքների ծավալի։

ԱՊԿ-ն հավաքագրված ԱԸՊ վճարները ծախսում է գոյացած թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածությունը կազմակերպելու նպատակով։

ԱԸՊ համակարգում արտադրողները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ լիազոր մարմնին և ԱՊԿ-ին ՀՀ տարածքում իրենց կողմից իրացված ԱԸՊ ապրանքի քանակների և դրանց սպառումից գոյացած հատուկ թափոնի ծավալների վերաբերյալ։

Բոլոր արտադրողները պետք է գրանցվեն լիազոր մարմնի (օր. ՇՄՆ) կողմից վարվող ռեեստրում` էլեկտրոնային համակարգի միջոցով։

 

 

 

 

 

ԱԸՊ լիազոր մարմինը սահմանում է հատուկ թափոնների վերամշակման ազգային թիրախներ, որոնց ապահովման պարտավորությունը կրում են ԱՊԿ-ները։

ԱՊԿ-ն պետք է ապահովի թիրախների միայն այն մասը, որը համապատասխանում է անդամակցող արտադրողների կողմից առաջացրած հատուկ թափոնների ընդհանուր ծավալներին։

Օրինակ` ԱՊԿ-ին անդամակցող արտադրողների կողմից իրացված ԱԸՊ ապրանքներից գոյացել է 10,000 տոննա հատուկ թափոն (օր.` ապակե տարա), որի համար սահմանված վերամշակման թիրախը 60% է։ Այս դեպքում, ԱՊԿ-ն պարտավորվում է ապահովել նշված թափոնների առնվազն 6,000 տոննայի հավաքումը և վերամշակումը:

Եթե ԱՊԿ-ն չի ապահովում սահմանված թիրախը, ապա փաստացի վերամշակված ծավալի ու սահմանված թիրախի տարբերության մասով տվյալ ԱՊԿ-ին անդամակցող ԱԸՊ արտադրողները պարտավորվում են վճարել բնապահպանական հարկ։

Տվյալ հատուկ թափոնի համար սահմանվող ԱԸՊ վճարը հաշվարկվում է ըստ այդ թափոնի հավաքման և վերամշակման համար անհրաժեշտ ծախսերի, ներառյալ՝ հանրային իրազեկման և որոշ վարչական ծախսեր։ Օրինակ, 1 տոննա անվադողի ԱԸՊ վճարը կձևավորվի հաշվի առնելով ավտոտեխսպասարկման կետերից դրա հավաքման և տեղափոխման ծախսերը (օրինակ 70,000 դրամ/տ կախված տեսակից և հավաքման վայրի հեռավորությունից), դրա վերամշակման ծախսերը (օրինակ 230,000 դրամ/տ)։ Ուստի ընթացիկ տարում 100 տոննա անվադող իրացրած արտադրողը կվճարի 30,000,000 դրամ ԱԸՊ վճար, որը կկազմի մեկ անվադողի համար միջոնում 3,000-4,000 դրամ։

Ըստ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) Հայաստանը պարտավորված է մինչև 2024 թվականը ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։

1980-ականների վերջից սկսած Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը մի շարք երկրներում դարձել է բնապահպանական քաղաքականության մաս և դրա իրագործման արդյունավետ գործիք։

 

  • խթանել երկրում վերամշակման արդյունաբերությունը և բարձրացնել վերամշակման ցուցանիշը
  • նվազեցնել աղբավայր հեռացվող թափոնների ծավալները և դրանց վնասակար ազդեցությունները
  • ապահովել հատուկ թափոնների կառավարման, այդ թվում՝ էկոլոգիապես անվտանգ գործածության համար ինստիտուցիոնալ և ֆինանսական լրացուցիչ ռեսուրսները
  • թեթևացնել ՏԻՄ-երի` թափոնների կառավարման բեռը
  • խթանել թափոնների կառավարման ոլորտում զբաղվածության բարձրացումը
  • երկրում անցնել շրջանաձև տնտեսության
  • իրագործել պատասխանատու սպառման և արտադրության մոդելներ, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 12-րդ նպատակով
  • պայքարել կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 13-րդ նպատակով

 

Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 700,000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է ներկայումս շահագործվող ավելի քան 297 աղբանոցներ։

ՀՀ մի քանի բնակավայրում կան մասնակի ներդրված թափոնների տեսակավորման համակարգեր, սակայն դրանց շնորհիվ հավաքվում է երկրում վերամշակելի թափոնների (ապակու, թղթի, պլաստիկի, մետաղի) ողջ ծավալի ոչ ավելի քան 5%-ը։ Դրանց մեծ մասը (մոտ 95%-ը) տեսակավորվում է ոչ ֆորմալ խմբերի կողմից հենց աղբանոցներում։ Այս պրակտիկան բացի բնապահպանական, սոցիալական և հանրային առողջապահության ոլորտում բացասական ազդեցություններից, հանգեցնում է նաև թափոնների՝ որպես երկրորդային նյութական ռեսուրսի տնտեսական արժեքի կորստին:

ԱԸՊ ներդրումը կնպաստի նաև  «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառմանը, որի շնորհիվ գոյանում են հատուկ թափոնների տեսակավորված հավաքման և հետագա էկոլոգիապես անվտանգ գործածության համար անհրաժեշտ ռեսուրսներ։