Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկում

Հանդիպման մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Վեսթմինսթեր ժողովրդավարության հիմնադրամը (WFD) կազմակերպել են Հայաստանի էներգետիկ անվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ՀՀ կառավարության, համապատասխան նախարարությունների և պետական ​​մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի էներգետիկ անվտանգության հզորացման ներուժը ռազմավարական փաստաթղթերի միջոցով: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են վերականգնվող էներգիային, էներգաարդյունավետության և էներգիայի պահեստավորման ոլորտում ներդրումներին վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը առաջինն է երկու նմանատիպ քննարկումներից, որոնք մասն են կազմում WFD-ի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը» խորագրով ծրագրի, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից։ Այս քննարկումը կազմակերպվել է ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Էներգետիկ անցումներ հանուն կլիմայական լուծումների» նախաձեռնության հետ սերտ համագործակցությամբ: